Ջաննի Ռոդարի
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…: Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը…
Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին Ալիսային Գլորիկ ասում:
Որովհետև նա անընդհատ գլորվում էր:
- Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել զարթուցիչի մեջ:
Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում:
- Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել շշի մեջ:
Նա շատ ծարավ էր, ուզում էր շշից ջուր խմել և ընկավ մեջը:
- Պատմի՛ր Ալիսա-Գլորիկի մասին:
Ալիսային ասում էին Գլորիկ, որովհետև նա անընդհատ գլորվում էր: Մի անգամ նա մտել էր զարթուցիչի մեջ, որպեսզի տեսներ ինչն էր շարունակ տկտկում: Հաջորդ անգամ նա մտել էր շշի մեջ, որովհետև նա ուզում էր ջուր խմել: Երրորդ անգամ նա մտել էր խոհանոցի դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Տատիկը, պապիկը և հարևանուհին փնտրում էին Ալիսա գլորիկին բայց չէին գտնում: Երբ եկան հայրիկը և մայրիկը Ալիսան հայտնվեց հայրիկի բաճկոնի գրպանում: Նա ամբողջությամբ թանաքոտվել էր, որովհետև խաղացել էր հայիկի ինքնահոսի հետ:
- Նամակ գրի՛ր նրան:
Բարև, սիրելի Ալիսա գլորիկ:
-Ես Արամ Բադալյանն եմ, 8 տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Ես շատ եմ ուզում, որ դու գաս մեր տուն և մենք միասին խաղանք: Ես շատ հետաքրքիր խաղեր ունեմ և դրանք քեզ ցույց կտամ: Մեր հասցեն է՝ քաղաք Երևան, Շիրազի փողոց, 10 շենք 20 բնակարան: Անհամբեր կսպասեմ քեց:
- Շարունակի՛ր.
Ի՞նչ կլիներ, եթե …
Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ, այնտեղ շատ մութ կլիներ և ես կվախենայի:
Եթե թռչել կարողանայի, ես կթռչեի ամպերից վեր:
Եթե մարդիկ խոսել չկարողանային, աշխարհում լռություն կլիներ:
Եթե արևը գիշերը դուրս գար, լուսինն էլ ցերեկը դուրս կգար:
Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի, այդ ժամանակ ես հայրիկ կլինեի:
- Հորինի՛ր. Ալիսա-Գլորիկի նոր արկածները: