Րաֆֆի «Խենթը»— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։…..Նախագահը ասաց.— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։Այս երիտասարդը Վարդանն էր։
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՎ.
Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:
1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:
Նախնաբան