Рубрика: Կենսաբանություն

Մակաբույծ որդերի բազմազանությունը

Որդերը, որպես կենդանի օրգանիզմներ, իրենցից ներկայացնում են կյանքի կազմավորման յուրահատուկ մակարդակ:

Կենսաբանությանը հայտնի բոլոր որդերը խմբավորված են 3 տիպերի մեջ: Դրանք են՝

  • Տափակ որդերի տիպ
  • Կլոր որդերի տիպ
  • Օղակավոր որդերի տիպ

Ուշադրություն

Որդերի յուրաքանչյուր հաջորդ տիպ ունի ավելի բարդ կազմավորում, քան նախորդը:

Այսպես, օղակավոր որդերը ավելի լավ են զարգացած, քան կլոր որդերը, դրանք էլ ավելի կատարյալ են, քան տափակ որդերը:

Վերը նշված տիպերին միավորում է կարևորագույն հանգամանք. դա օրգանիզմների նախընտրած կենսաձևն է: Որդերի ճնշող մեծամասնությունը մակաբույծ ձևեր են:

Մակաբույծ որդեր են հանդիսանում.  

  1. Տափակ որդերից ծծող և ժապավենաձև որդերի դասերն ամբողջությամբ:
  2. Կլոր որդերի տիպն ամբողջությամբ:
  3. Օղակավոր որդերից մակաբուծային կենսաձև կարող են վարել տզրուկների դասի ներկայացուցիչները:

Ծծող որդերի դաս

Այս դասի բոլոր ներկայացուցիչները մակաբույծներ են և ապրում են այլ կենդանիների՝ ողնաշարավորների և անողնաշարավորների մարմնում՝ սնվելով նրանց հաշվին: Ունեն լավ զարգացած հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար՝ ծծաններ, փշեր, կեռիկներ և այլն: Սեռական համակարգը լավ զարգացած է, ունեն տերերի փոխման բարդ կենսական փուլեր:

Այս դասի ներկայացուցիչն է լյարդի ծծանը: Այն ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին:

stock-photo-fasciola-hepatica-liver-fluke-72615004.jpg

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի: Չմարսված սնունդը դուրս է բերվում բերանով:

Լյարդի ծծանի բազմացումը իրականանում է մի քանի փուլով, որոնք անցնում են տարբեր օրգանիզմներում:

Սեռական բազմացումը տեղի է ունենում հիմնական տիրոջ՝ անասունի կամ մարդու օրգանիզմում:

1. Բեղմնավորված ձուն ընկնում է աղիքներ և դուրս է գալիս կղանքի հետ: 

Նրա հետագա զարգացումը տեղի է ունենում միայն ջրային միջավայր ընկնելու դեպքում:

2. Ջրում ձվից դուրս է գալիս թարթիչներով ծածկված թրթուռ: Այն թափանցում է փոքր լճախխունջի մարմնի մեջ, որն էլ հանդիսանում է լյարդի ծծանի համար միջանկյալ տեր:

razvitie-pechenochnogo-sosalschika-w931.png

3. Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուռը անցնում է զարգացման որոշակի փուլեր և արդյունքում կորցնում է թարթիչները, ձեռք է բերում պոչ և դուրս է գալիս խխունջի մարմնից:

4. Նորից ընկնելով ջրի մեջ՝ թրթուռը ակտիվորեն տեղաշարժվում է և, հասնելով ջրային բույսերին, ամրանում նրանց ու ծածկվում հաստ պատիճով՝ առաջացնելով ցիստ:

5. Ցիստը կարող է երկար ժամանակ պահպանել իր կենսունակությունը: Եթե ցիստը թափանցում է մարդու կամ անասունների մարսողական համակարգ ջրի կամ բույսերի հետ, այն շարունակում է զարգանալ:

Ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Ժապավենաձև որդերի դաս

Այս դասի ներկայացուցիչները մակաբույծներ են, որոնք ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետր: Մարմինը ժապավենաձև է, ձգված, հաճախ բաժանված է լինում հատվածների: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն: Գլխիկին հաջորդում է կարճ և չհատվածավորված վզիկը, որից աճում է մարմնի երկար և հատվածավորված մասը:

быч1.jpg

Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

Մարմնի միջին մասում յուրաքանչյուր հատված ունի սերմնարաններ և ձվարան, որոնցում զարգանում են արական և իգական սեռական բջիջները: Մարմնի վերջին հատվածները պարունակում են արդեն բեղմնավորված ձվեր (տեղի է ունենում ինքնաբեղմնավորում):

1. Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու:

2. Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը:

3. Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:

pic66.png

4. Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

5. Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից:

Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

Ժապավենաձև որդերի թվին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդը և էխինոկոկը:

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Echinococcusgranulosus_04.jpg2355dc3f-5bd7-41ba-a4cd-7bbc09e50119Original.jpg

Կլոր որդերի տիպ

Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:

Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

1. Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2. Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

3. Մարմնի առաջնային խոռոչը լցված է ոչ թե պարենքիմայով, այլ հեղուկով:

4. Հեղուկը միջօրգանային տարածությունում կատարում է նյութերի փոխադրման դեր:

5. Նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են միմյանց գոտևորող բազմաթիվնյարդաթելերով:

6. Մարսողական համակարգը բաց տիպի է: Սկսվում է բերանային խոռոչով և ավարտվում հետանցքով, որից դուրս են գալիս սննդի չմարսված մնացորդները: Մարսողական բաց տիպի խողովակը ունի հետևյալ իրար հաջորդող բաժինները՝ բերան, կլան, աղի, հետանցք:

Աղիքից մարսված սննդանյութերը անցնում են մարմնի խոռոչ և այն լցնող հեղուկի միջոցով հասնում են այլ օրգաններին:

7. Կլոր որդերը մեծամասամբ բաժանասեռ են, և նրանց մոտ ուժեղ արտահայտված է սեռական դիմորֆիզմը կամ երկձևությունը՝ էգի և արուի միջև տարբերությունները:

8. Կլոր որդերը հիմնականում բազմանում են ձվադրությամբ, սակայն հայտնի են նաև կենդանածին տեսակներ:

9. Արտաթորության համակարգը համարժեք է տափակ որդերին, նույնպես բացակայում են արյունատար և շնչառական համակարգերը:

ot-glistov.jpg
0.png

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում:

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը (1): Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր (2): Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ (3): Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ (4), օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից (5), անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին (6): Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում (7)՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում (1):

Սրատուտը ևս հանդիսանում է կլոր որդերի մակաբույծ ներկայացուցիչ: Սրատուտով հիմնականում վարակվում են երեխաները:

Ուշադրություն

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է

պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը: