Ու չի դադարում երգի հետ վարար Կախեթի գինին խելագար հոսել․ Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար, Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։
Խըմում են կըռվող քաջերի փառքին, Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում, Եվ ընկածների սուրբ հիշատակին, Որ երկընքից են այժմ իրենց նայում…
Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին, Անցնում է, հըսկում սեղաններն ամեն, Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին, Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։
— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա, Էլ չենք կարող մենք խըմել. Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա, Շատ ենք խըմել ու հոգնել…
Ու հանգչում է Թըմուկ բերդը Պապանձվում է ու մարում, Հարբած, հոգնած տերն ու զորքը Մըրափում են խավարում։ VIII Լուռ ու խավարչտին կամարների տակ, Հոգնած ու քընած բազմության վըրով Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։
Երազ է տեսնում Թաթուլ իշխանը, Որ վիշապ օձը եկել է ահա, Եկել, փաթաթվել, իր բերդը պատել, Գըլուխը դըրել ետ պոչի վրա։
Ու բարձրացնում է հըրեշն ահռելի, Իրեն գըլուխը բարձրացնում է վեր, Բարձրացնում մինչև բարձունքը բերդի, Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։
Պառկած է իբրև Թաթուլ իշխանը Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին, Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ, Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։
Էսպես է ասում Թաթուլ իշխանը, Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ, Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…
IX Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում, Քաջ զինվորներ Թաթուլի. Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում, Քուն չի աչքին մոտ գալի։
Չըլինի՞ թե հաղթահարված, Ճարը հատած թըշնամին Դավ է դընում մութն ու մեռած Կես գիշերվա էս ժամին։
Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր Մարդ է գընում ու գալի. Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր, Պահապաններ Թաթուլի։
Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է Իր հաղթական հյուրերին, Բաց է անում դուռն ու դարպաս Ձեր դավաճան տիրուհին։
Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ… Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜… Ճըռընչում են, դըղըրդում են Դարպասները երկաթի… X Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա, Ավերակ բերդին, սև ամպի նըման, Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։
Հաղթության փառքով ու գինով հարբած Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր, Ու հավիտյան էլ մընացին քնած, Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։
Նըստած է Շահը․ նըրա առաջին Ահա իրիկվան քեֆի սեղանը. Նայում է Շահը անտեր գահույքին, Մտքովն անցնում է աշխարհքի բանը։
Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան, Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին, Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության, Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
Ու լի դառնությամբ հարցընում է նա Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն. — Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա, Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել. Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա. Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Էսպես տիկինը տըվավ պատասխան. Անհուն ցասումից մըռընչաց Շահը. — Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման. Դահիճը իսկույն մտավ սրահը։ XI Դահիճն եկավ ոտից գըլուխ Կարմիր հագած ու արյուն, Ու դուրս տարան իր պալատից Թըմկա չըքնաղ տիրուհուն։
Տարան անտակ էն ժեռ քարից, Որ կանգնած է մինչ էսօր, Էն ահավոր քարի ծերից Գըլորեցին դեպի ձոր։
Գել ու աղվես եկան հանդից Ագահ սիրտը լափեցին, Ցին ու ագռավ իջան ամպից, Սև աչքերը հանեցին։
Անցավ անտես ու աննըման Էն սիրունը աշխարհից, Ինչպես ծաղիկն անցած գարնան, Որ չի ծաղկիլ էլ նորից։
Անցավ զալում էն մեծ արքան Իրեն փառքով ու զորքով, Անցավ Թաթուլն էն հաղթական Ու իր քաջերն էն կարգով։
Ու նըրանից մենակ անմեռ Էս զրույցը հասավ մեզ, Որ մեզանից հետո էլ դեռ Պետք է խոսվի միշտ էսպես։ XII Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում… միայն անմահ Գործն է խոսվում լավ ու վատ. Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա Ու մարդ կերթա անարատ։
Ուրախությունը մարդու համար հատուկ զգացմունք է։ Սակայն տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Ոմանց համար ծաղկած կակտուսը փուշ, իսկ ուրիշների համար՝ գեղեցիկ ծաղիկ։ Ոմանց համար անձրևը տխրություն է բերում, իսկ ոմանք սիրում են քայլել անձրևի տակ։ Ես ուրախ մարդ եմ։ Ինձ ուրախություն է պատճառում այգին, գեղեցիկ երաժշտությունը, արվեստի գործեր։ Ես ուրախ եմ, երբ իմ շրջապատում իշխում է սերն ու փոխըմբռնումը։ Բայց ամենևից շատ ուրախ եմ, երբ ընտանիքս առողջ է ու երջանիկ, իսկ հայրենիքս՝ անկախ ու ազատ։