Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ:
Ըստ բանաստեղծության Կարս քաղաքը իմ մտապատկերում գծագրվում է ինչպես մի հին հայկական քաղաք, որի միջով գետ է հոսում, տները կառուցված են անտաշ քարերից, քաղաքն ունի երկար ու ձիգ փողոցներ։ Կարսում ապրում են ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար մարդիկ, բոլորը ճանաչում են իրար ու հիշում միմյանց։
2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Տապար-կացին
սեղմ-խիտ
3. Բացատրի՛ր այս քառատողը.
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Բանաստեղծը հայտնվել է իր համար անծանոթ, սառն ու անտարաբեր միջավայրում, նրան օտար են շրջապատի մարդիկ, նա անընդհատ հիշում է իր հայրենի եզերքն ու մարդկանց, նրա սրտում ձևավորվել են երազանքներ ու ձգտումներ վաղվա օրվա նկատմամբ։ Բանաստեղծը իր հոգում ստեղծել է իր ձգտումների աշխարհը ու ցանկանում է ապրել այնտեղ։
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծության սկզբում ես տեսնում եմ կարոտ, հուսալքություն, բողոք, ձգտում, պայքար։
5. Բացատրի՛ր վերնագիրը:
Երգ, բանաստեղծություն իր կյանքի մասին։
6. Բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։
—
6. Գրի՛ր շարադրություն ,,Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով…,, վերնագրով:
—