Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Մարդկանց արյունն ըստ ABO համակարգի ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի, որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան։
- α և β։ առաջին (0)
- A և β։ երկրորդ (A)
- α և B։ երրորդ (B)
- A և B։ չորրորդ (AB)

I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ընդունողներ (ռեցիպիենտ)։ II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։
Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա, որը կարող է հանգեցնել մահվան։ Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է, որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։
Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։ Մարդկանց 40-50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30-40 %-ը՝ երկրորդ, 10-20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ։
Հակածինների տեսակներ
Մարդու օրգանիզմի իզոհակածինային նուրբ առանձնահատկություններն իմանալն անհրաժեշտ է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար։ Ավելի նուրբ եղանակների կիրառմամբ պարզվել է A իզոհակածինի ոչ համասեռությունը, որից ելնելով՝ տարբերում են A1 (դեպքերի 88%-ը) և A2 (12%) ենթախմբերը։ Հնարավոր է դարձել տարբերել արյան կարմիր մարմնիկների դժվար բացահայտվող տարբերակներ. A3, A1, A5, A2 և այլն։ Թեպետ B իզոհակածիևն ավելի համասեռ է քան A-ն, նկարագրվել են դրա հազվադեպ հանդիպող տարբերակներ ևս (B3, Bw, B, և այլն)։
Արյան խմբերի համատեղելիության աղյուսակ












