Մութ էր. սեպտեմբերին մութը միշտ հանկարծ է իջնում, մայրամուտից անմիջապես հետո։ Նա պառկել էր՝ հենված աղմտած տախտակներին, և ամեն կերպ ջանում էր հանգստանալ։ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չէր իմանում Ռիգել աստղի անունը, բայց երբ տեսավ դա, հասկացավ, որ շուտով կերևան և մյուսները, և այն ժամանակ հեռավոր բարեկամները նորից իր հետ կլինեն։
— Այս ձուկը նմանապես իմ բարեկամն է,— ասաց նա։— Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել ու ոչ էլ լսել, որ այսպիսի ձկներ էլ են լինում։ Բայց ես դրան պետք է սպանեմ։ Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։
«Պատկերացրու մի մարդ, որ ամեն օր ճգնում է սպանել լուսնին, իսկ լուսինը փախչում է նրանից։ Հապա եթե մարդն ստիպված լիներ ամեն օր արև որսա՞լ։ Ո՛չ, ինչ էլ ասես, մենք դեռ բախտավոր ենք»,— մտածեց նա։
Հետո նա սկսեց խղճալ մեծ ձկանը, որը ուտելու բան չուներ, սակայն խղճալը ամենևին չէր խանգարում նրա՝ սպանելու վճռականությանը։ Քանի՜ մարդու կկշտացնի։ Բայց մարդիկ արժանի՞ են արդյոք նրանով սնվելու։ Իհարկե, ո՛չ։ Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։
«Շատ բան չեմ հասկանում ես,— մտածեց նա։— Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։
Հիմա ես պետք է մտածեմ թիերից արգելակ շինելու մասին։ Դա ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Ես կարող եմ այնքան պարան կորցնել, որ կկորցնեմ և ձուկը, եթե նա ուզենա պոկ գալ, իսկ թիերից շինված արգելակը նավակը կզրկե արագաշարժությունից։ Նավակի թեթևությունը կերկարաձգի թե՛ իմ, թե՛ ձկան տառապանքները, բայց դա միաժամանակ և իմ փրկության երաշխիքն է։ Չէ՞ որ այս ձուկը, եթե ուզենա, կարող է ավելի արագ լողալ։ Ինչ էլ որ լինի, պետք է մաքրել թյունիկի փորը, քանի դեռ չի հոտել, ու մի քիչ ուտել՝ ուժովանալու համար։
Հիմա մի ժամ էլ հանգստանամ, իսկ հետո եթե տեսնեմ, որ ձուկը ոչ մի մտադրություն չունի, կանցնեմ խելի վրա ու պետք եղածը կանեմ և թիերի մասին էլ որոշում կկայացնեմ։ Իսկ մինչ այդ կհետևեմ, թե ձուկն ինչպես կպահի իրեն։ Թիերի այդ օյինը խելացի հնարամտություն է, բայց հիմա արդեն պետք է հաստատ գործել։ Ձկան ուժը դեռևս լրիվ տեղն է, իսկ ես նկատեցի, որ կարթը մտել է նրա բերանի անկյունը, նա էլ բերանն ամուր փակել է։ Կարթի պատճառած տանջանքներն այնքան էլ մեծ չեն, նա շատ ավելի տանջվում է քաղցից և այն վտանգի զգացողությունից, որն ինքը չի հասկանում։ Ուրեմն հանգստացի՛ր, ծերո՛ւկ, թող նա ջանք թափի, մինչև քո հերթը գա»։
Նրան թվաց, թե ինքը հանգստացավ առնվազն երկու ժամ։ Լուսինը հիմա ուշ էր ծագում, և նա չէր կարող ժամանակը որոշել։ Ճիշտ է՝ նա հանգստացավ այնպես միայն, հարաբերական իմաստով։ Առաջվա պես ուսը զգում էր ձկան ծանրությունը, սակայն ձախ ձեռքը հենելով ցռուկի կողափայտին՝ նա ջանում էր ծանրությունը հետզհետե ավելի փոխադրել նավակի վրա։
«Որքան հեշտ կլիներ ամեն ինչ, եթե կարողանայի պարանը կապել նավակին,— մտածեց նա։— Սակայն բավական է, որ ձուկը թեկուզ մի քիչ ձիգ տա, ու պարանը կտրաքի։ Ես պետք է իմ մարմնով անընդհատ թուլացնեմ ձգումը և ամեն րոպե պատրաստ լինեմ զույգ ձեռքով բաց թողնել պարանը»։
— Բայց չէ՞ որ դու դեռ չես քնել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Անցել է կես ցերեկ ու մի գիշեր, այնուհետև ևս մի ցերեկ, իսկ դու շարունակ անքուն ես։ Մտածիր ինչպես անես, որ թեկուզ մի քիչ քնես, քանի դեռ նա հանգիստ է ու գժություն չի անում։ Եթե դու չքնես, գլխումդ ամեն ինչ կխառնվի։
«Հիմա գլուխս պայծառ է,— մտածեց նա,— նույնիսկ շատ պայծառ։ Նույնքան պայծառ, ինչքան իմ քույրերը՝ աստղերը։ Բայց մեկ է, անհրաժեշտ է, որ մի փոքր քնեմ։ Աստղերն էլ են քնում, լուսինն էլ է քնում, արևն էլ է քնում, և նույնիսկ օվկիանոսն է երբեմն քնում այն օրերին, երբ հոսանք չկա, և կատարյալ լռություն է տիրում»։
«Չմոռանաս մի քիչ քնել,— հիշեցրեց ինքն իրեն։— Ստիպի՛ր քեզ մի փոքր քնել, պարանը թողնելու որևէ պարզ ու անվրեպ միջոց գտիր։ Հիմա գնա նավախել ու մաքրիր թյունիկի փորը։ Իսկ թիերից կազմած արգելակը վտանգավոր բան է, եթե քնես»։
«Բայց կարող եմ առանց քնելու էլ յոլա գնալ,— ասաց ինքն իրեն։— Այո՛, կարող ես, բայց դա էլ շատ վտանգավոր է»։
Նա սկսեց չորեքթաթ գնալ դեպի նավախել՝ ջանալով չանհանգստացնել ձկանը։ «Գուցե նա էլ նիրհել է,— մտածեց ծերուկը։ Բայց ես չեմ ուզում, որ նա հանգստանա։ Նա պետք է քարշ տա նավակը, մինչև որ մեռնի»։
Հասնելով նավախելին՝ նա շրջվեց և ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց ձախ ձեռքի վրա, իսկ աջով պատյանից հանեց դանակը։ Աստղերը լուսավորում էին պայծառ, թյունիկը լավ երևում էր։ Ծերունին դանակը խրելով նրա գլխի մեջ՝ խելի տակից դուրս քաշեց։ Ոտքը դնելով ձկան վրա արագ ճեղքեց փորը՝ պոչի ծայրից մինչև ստորին ծնոտը։ Հետո դանակը ցած դրեց, աջ ձեռքով մաքրեց թյունիկի փորը ու պոկեց խռիկները։ Փորը ծանր էր ու լպրծուն, և երբ կտրեց դա, երկու հատ թռչող ձուկ գտավ այնտեղ։ Դրանք թարմ էին և պինդ, ծերուկը դրեց դրանք կողք կողքի, հատակին, իսկ փորոտիքը շպրտեց ծով։ Իջնելով ծովի մեջ՝ փորոտիքը լուսավոր հետք էր թողնում իր ետևից։ Աստղերի աղոտ լույսի տակ թյունիկը կեղտասպիտակ էր թվում։ Ոտքը դնելով ձկան գլխին՝ ծերունին պոկեց մի կողի մաշկը։ Այնուհետև շրջեց ու պոկեց մյուս կողի մաշկը և կտրեց կողերի միսը գլխից մինչև պոչը։
Թյունիկի կմախքը նետելով դուրս՝ նայեց, թե ջրի մեջ շրջանակներ չե՞ն երևում, բայց տեսավ միայն դանդաղորեն խորքն իջնող ձկան կմախքի լուսավոր հետքը։ Այդ ժամանակ նա շրջվեց, երկու թռչող ձկները դրեց թյունիկի մսի կտորների միջև և դանակը պահելով պատյանի մեջ՝ նորից զգուշությամբ հասավ ցռուկին։ Նրա մեջքը կռանում էր պարանի ծանրությունից, իսկ ձուկը նա տանում էր աջ ձեռքով։
Վերադառնալով նավացռուկ՝ ձկան միսը շարեց տախտակների վրա ու թռչող ձկներն էլ դրեց նրանց կողքը։ Դրանից հետո պարանը փոխադրեց թիկունքի դեռևս չցավացող մասը և նորից ծանրությունը գցեց նավակողին հենած ձախ ձեռքի վրա։ Կռանալով նավակողից՝ թռչող ձուկը լվաց ծովի մեջ և միաժամանակ ստուգեց, թե որքան արագ է հոսում ջուրը իր ձեռքի տակից։ Նրա ձեռքը լուսավորվում էր թյունիկի մաշկը պոկելու հետևանքով, և նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը հոսում նրա շուրջ։ Հիմա ավելի դանդաղ էր հոսում, և ձեռքի կողը քսելով նավակի եզրին՝ նա տեսավ, որ ֆոսֆորի մասնիկները դանդաղորեն են գնում դեպի նավախելը։
— Կա՛մ հոգնել է, կա՛մ հանգստանում է,— ասաց ծերունին։ Պետք է արագ վերջացնել ուտելու գործը ու մի քիչ քնել։
Նա կերավ սուկիներից մեկի կեսը և մի թռչող ձուկ, որ մինչ այդ մաքրեց աստղերի լույսի տակ՝ զգալով, թե ինչպես օդը հետզհետե սառում է։
— Ի՞նչը կարող է թյունիկից ավելի համեղ լինել, եթե եփած ուտես,— ասաց նա։— Բայց որքա՜ն զզվելի է նա հում վիճակում։ Էլ երբեք առանց աղի ու լիմոնի ծով դուրս չեմ գա։
«Թե գլխումս խելք լիներ,— մտածեց նա,— ամբողջ ցերեկը ջուր կցողեի նավացռուկին, կթողնեի՝ չորանար, և երեկոյան աղ կունենայի։ Այո՛, բայց չէ՞ որ թյունիկը բռնեցի մայրամուտից քիչ առաջ։ Այնուամենայնիվ, շատ բան չեմ կանխատեսել։ Բայց և այնպես ամբողջ կտորը ծամեցի, ու սիրտս չի խառնում»։
Արևելքում երկինքը պատվեց ամպերով, և ծանոթ աստղերը հանգչում էին իրար ետևից։ Թվում էր, թե նա մտնում է ամպերից կազմված մի հսկայական կիրճ։ Քամին դադարել էր։
— Երեք կամ չորս օր հետո եղանակը կվատանա,— ասաց նա։— Բայց դեռ ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Մի քիչ քնիր, ծերո՛ւկ, քանի դեռ ձուկը հանգիստ է պահում իրեն։
Նա աջ ձեռքով բռնեց պարանը և ազդրն էլ սեղմեց ձեռքին՝ ամբողջ մարմնով դիմահարվելով նավակի կողին։ Այնուհետև մեջքի վրա մի քիչ ցած տարավ պարանը և ձախ ձեռքով բռնեց դա։
«Աջ ձեռքը պարանը կպահի այնքան, մինչև որ թուլանա։ Իսկ եթե քնած տեղս թուլանա, ինձ կարթնացնի ձախ ձեռքը՝ զգալով, որ պարանն իջնում է ծով։ Աջ ձեռքի դրությունն, իհարկե, հեշտ չի լինի, բայց նա վարժվել է զրկանքներ կրել։ Եթե թեկուզ մի քսան րոպե կամ կես ժամ քնեմ, այդ էլ լավ է»։
Նա ընկավ նավակողի վրա, ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց աջ ձեռքի վրա ու քնեց։
Երազում առյուծներ չտեսավ, բայց փոխարենը տեսավ ծովախոզերի մի հսկայական երամակ, որ ձգվել էր ութ կամ տասը մղոն, և որովհետև զուգավորման շրջանն էր, օդ էին ոստնում նրանք ու կրկին սուզվում այն ջրափոսի մեջ, որտեղից դուրս էին գալիս։
Հետո էլ տեսավ, որ ինքը պառկած է գյուղում՝ իր մահճակալին, և հյուսիսային քամին փչում, մտնում է խրճիթը, որից խիստ մրսում է, իսկ աջ ձեռքը կարկամել է, որովհետև բարձի փոխարեն դրել է գլխի տակ։
Դրանցից հետո միայն նա տեսավ մի երկար, դեղին ծանծաղուտ, ապա մթնշաղին դուրս եկավ այդտեղ առաջին առյուծը, որի ետևից գալիս են ահա մյուսները, նա կզակը հենել է խարիսխ գցած նավի պատվարին, ցամաքից եկող իրիկնային քամին պարուրում է նրան, նա սպասում է, թե ուրիշ առյուծներ էլ չե՞ն երևա, ու խիստ երջանիկ է։
Լուսինը վաղուց էր ծագել, բայց նա շարունակում էր քնել, իսկ ձուկը միահավասար արագությամբ տանում էր նավակը ամպեղեն կիրճը։
Նա զարթնեց ցնցումից, աջ ձեռքի բռունցքը խփվեց նրա դեմքին, իսկ պարանը, դաղելով ձեռքը, սրընթաց իջնում էր ծով։ Ձախ ձեռքի գոյությունը նա չէր զգում, ուստի փորձեց աջ ձեռքով կասեցնել պարանը, բայց սա խելագարի նման շարունակում էր իջնել ծով։ Վերջիվերջո ձախ ձեռքն էլ շոշափեց պարանը, և ծերունին մեջքը հենեց դրան, և հիմա պարանը դաղում էր նրա թիկունքն ու ձախ ձեռքը, որի վրա էր փոխադրվել ձկան ծանրությունը։ Նա նայեց պահեստի կծիկներին ու տեսավ, որ դրանք արագ արձակվում են։ Այդ վայրկյանին ձուկը, պայթեցնելով օվկիանոսի հարթությունը, դուրս եկավ ու նորից ծանրորեն ընկավ ծով։ Հետո կրկին ու կրկին ոստնեց, իսկ նավակը սլանում էր առաջ, թեև պարանը շարունակում էր դուրս վազել նավակից, և ծերունին ծայր աստիճան ձիգ էր տալիս, մի ակնթարթ բաց թողնում, ապա դարձյալ ամբողջ ուժով ձգում՝ ենթարկելով կտրվելու վտանգին։ Նա ինքն էլ քաշվել, կիպ սեղմվել էր ցռուկին, դեմքը փակչել էր թյունիկի մսի կտորին, բայց նա չէր կարող շարժվել։
«Ահա սրան էլ սպասում էինք,— մտածեց նա։— Հիմա դիմացի՛ր»։
«Իմ պարանի վրեժը կլուծե՜մ դրանից, կլուծե՜մ»։
Նա չէր կարող տեսնել ձկան ոստյունները, լսում էր միայն, թե ինչպես շառաչով ճեղքվում է օվկիանոսը, ապա հետևում է ծանր ճողփյունը, երբ ձուկը նորից է ընկնում ջուրը։ Նավակից դուրս սլացող պարանը անողոքաբար կտրում էր ձեռքը, բայց նա գիտեր, որ այդպես կլինի, և ջանում էր ձեռքի կոշտուկապատ մասը ենթարկել դրան, որպեսզի պարանը ափն ու մատները չվիրավորի։
«Եթե տղան հետս լիներ,— մտածեց ծերունին,— կջրոտեր պարանը։ Այո՛, եթե տղան այստեղ լինե՜ր։ Եթե միայն տղան այստեղ լինե՜ր»։
Պարանն անընդհատ սլանում էր դուրս, բայց հիմա ավելի դժվար էր սլանում, և ծերունին ստիպում էր ձկանը նվաճել ամեն մի մատնաչափը։ Նա կարողացավ բարձրացնել գլուխը ու դեմքը հեռացնել թյունիկի մսից, որը նրա այտոսկրի ճնշումից բլիթի պես տափակել էր։ Այնուհետև նա չոքեց, հետո էլ դանդաղորեն ոտքի ելավ։ Նա դեռևս բաց էր թողնում պարանը, սակայն ավելի ու ավելի ժլատորեն։ Հասնելով այն տեղին, որտեղ խավարում ոտքով կարող էր տնտղել պարանի կծիկները՝ նա համոզվեց, որ պաշարը դեռ մեծ է։ Իսկ ջրի մեջ այնքան պարան կա, որ ձուկը հեշտությամբ չի հաղթահարի դրան։
«Ուրեմն այսպես,— մտածեց նա,— հիմա ավելի քան տասը ոստյուն գործեց նա ու փուչիկները օդ լցրեց, հիմա այլևս չի կարող իջնել ջրի խորքը (որտեղից չի կարելի դուրս քաշել նրան) և մեռնել այդտեղ։ Շուտով կսկսի պտույտներ գործել, և այն ժամանակ ես ստիպված կլինեմ քրտինք թափել։ Հետաքրքիր է՝ ի՞նչը համբերությունից հանեց նրան։ Արդյոք քա՞ղցը հուսահատության հասցրեց, թե՞ խավարում որևէ բան վախեցրեց։ Միգուցե հանկարծակի վախ զգաց։ Բայց չէ՞ որ հանդարտ և ուժեղ ձուկ էր դա։ Այնքան ինքնավստահ ու այնքան անվախ էր թվում ինձ։ Տարօրինակ է»։
— Ավելի լավ է, ծերո՛ւկ, ինքդ մոռացիր վախը և ավելի հավատա քո ուժերին,— ասաց նա։— Թեկուզ և կաշկանդել ես նրան, բայց մի մատնաչափ պարան էլ չես կարող դուրս քաշել։ Սակայն շուտով նա կսկսի պտույտներ գործել։
Այժմ ծերունին պարանը պահում էր ձախ ձեռքով և ուսերով։ Նա կռացավ ու աջ ձեռքով ջուր վերցրեց՝ թյունիկի տափակած միսը դեմքից սրբելու համար։ Վախենում էր, որ սիրտը կխառնի, ինքն էլ կթուլանա։ Դեմքը լվանալուց հետո ծերունին աջ ձեռքը մտցրեց ծով ու պահեց աղի ջրի մեջ՝ նայելով պայծառանալ սկսող երկնքին։ «Հիմա ձուկը լողում է համարյա դեպի արևելք,— մտածեց նա։— Այդ նշանակում է, որ հոգնել է ու հոսանքով է ընթանում։ Շուտով կստիպվի պտույտներով գնալ։ Ահա այդ ժամանակ էլ կսկսվի իսկական աշխատանքը»։
Որոշ ժամանակ ձեռքը աղի ջրում պահելուց հետո դուրս հանեց ու զննեց։
— Այնքան էլ սարսափելի չէ,— ասաց նա։— Իսկ տղամարդու համար ցավը դատարկ բան է։
Ծերունին զգույշ բռնեց պարանը՝ ջանալով, որ նոր վերքերից ոչ մեկի վրա չընկնի, և մարմնի ծանրությունն այնպես տեղափոխեց, որ կարողանա ձախ ձեռքն էլ նավակի մյուս կողմից մտցնել ջրի մեջ։
— Այն ոչնչությունը, որ դու ես, այնուամենայնիվ վատ չպահեցիր քեզ,— ասաց նա ձախ ձեռքին։— Բայց եղավ մի պահ, երբ դու դավաճանեցիր ինձ։
«Ինչո՞ւ երկու լավ ձեռքով չեմ ծնվել ես,— խորհրդածեց նա։— Գուցե հանցավորը ես եմ, որ ժամանակին ձախ ձեռքիս չեմ սովորեցրել կարգին աշխատել։ Բայց, վկա է աստված, նա ինքն էլ կարող էր սովորել։ Անկեղծորեն ասած՝ այս գիշեր այնքան էլ չխաբեց նա ինձ և կարկամումից միայն մի անգամ փետացավ։ Բայց եթե դա կրկնվի, ապա ավելի լավ է պարանը միանգամից կտրի նրան»։
Այս խորհրդածությունից հետո ծերունին իսկույն հասկացավ, որ իր գլուխը մշուշապատվել է, և վատ չէր լինի մի կտոր ևս թյունիկ ծամել։ «Չեմ կարող,— ասաց ինքն իրեն։— Ավելի լավ է միտքս պղտորվի, քան թե սրտխառնուքից թուլանամ։ Իսկ ես գիտեմ, որ չեմ կարող ներսումս պահել այն միսը, որի վրա էր ընկել իմ երեսը։ Միսը կպահեմ ծայրահեղ դեպքում ուտելու, քանի դեռ չի փչացել։ Միևնույնն է, հիմա արդեն ուշ է կազդուրվելու համար։ Հիմա՛ր ծերուկ,— նախատեց ինքն իրեն,— չէ՞ որ կարող ես ուտել երկրորդ թռչող ձուկը»։
Ահա այդտեղ է նա՝ փորոտիքը հանված, մաքրված, և ձախ ձեռքով վերցնելով թռչող ձուկը՝ կերավ, երկար ծամելով փշերը՝ կերավ ամբողջովին, առանց մնացորդի։
«Սա ավելի սննդարար է, քան որևէ այլ ձուկ,— մտածեց նա։— Համենայն դեպս, դրա մեջ կա այն, որի կարիքն զգում եմ ես։ Դե, հիմա ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Թող միայն նա սկսի պտույտ գալ, մենք նրա հետ կռիվ կմղենք»։
Երրորդ անգամն էր արդեն արևը ծագում այն պահից հետո, ինչ նա դուրս էր եկել ծով, և ահա այդ ժամանակ էլ ձուկն սկսեց պտույտներ գործել։
Նա դեռևս չէր կարող պարանի՝ ջրի մեջ կազմած թեքությունից որոշել՝ ձուկն սկսե՞լ է պտույտներ գործել, թե՞ ոչ։ Դեռ շուտ էր դրա համար։ Նա միայն զգաց, որ ձգումը մի փոքր թուլացավ, ուստի և սկսեց պարանն աջ ձեռքով հավաքել։ Պարանը ձգվեց ծայրաստիճան, ինչպես առաջ, սակայն ճիշտ այն վայրկյանին, երբ կտրվելու վտանգ էր սպառնում, հանկարծ անկաշկանդ սկսեց գալ։ Այն ժամանակ նա կռացավ, ուսերն ազատեց ճնշող պարանից ու սկսեց հավաքել պարանը առանց շտապելու և հավասար արագությամբ։ Ծերունին աշխատում էր երկու ձեռքերն էլ հերթով վեր֊վար անելով։ Նրա ծերացած ոտքերն ու ուսերը օգնում էին ձեռքերի շարժմանը։
— Շատ մեծ շրջանակ է գծում,— ասաց նա,— բայց այնուամենայնիվ գծում է։
Հանկարծ պարանի շարժումն արգելակվեց, բայց ծերունին շարունակում էր քաշել, մինչև որ արևից փայլփլող ջրի կաթիլներ սկսեցին ոստոստել նրա վրա։ Հետո պարանը հեռու քաշվեց, և ծերունին չոքելով՝ սկսեց դժկամությամբ քիչ֊քիչ թողնել մուգ ջրի մեջ։
— Հիմա իր շրջանակի ամենահեռավոր կետից է անցնում ձուկը,— ասաց նա։
Պետք է հնարավորինս ամուր պահել։ Ձգված պարանը ամեն անգամ կկարճացնի շրջանը։ Գուցե և մեկ ժամ հետո ես տեսնեմ նրան։ Նախ պետք է համոզեմ, որ ես ուժեղ եմ, հետո արդեն կհաղթահարեմ նրան։
Սակայն անցավ երկու ժամ, իսկ ձուկը շարունակում էր դանդաղ պտտվել նավակի շուրջը։ Քրտինքը անձրևի պես թափվում էր ծերունուց, և նա հոգնել էր ծայրաստիճան։ Ճիշտ է, ձկան գծած շրջանակները շատ ավելի էին կարճացել, և ջուրը մտած պարանի ուղղությունից երևում էր, որ ձուկն աստիճանաբար մակերես է բարձրանում։
Մի ամբողջ ժամ է ահա, որ ծերունու աչքերի առաջ սև բծեր էին ոստոստում, աղի քրտինքը լցվում էր աչքերն ու կծկծացնում, այրում աչքի վերևի վերքը և ճակատի մյուս վերքը։ Սև բծերը չէին վախեցնում նրան. դրանց մեջ ոչ մի զարմանալի բան չկար, եթե նկատի առնենք, թե ինչպիսի լարվածությամբ էր նա ձգում պարանը։ Սակայն երկու անգամ նա թուլություն զգաց, որից լրջորեն անհանգստացավ։
«Մի՞թե տեղի կտամ ու կմեռնեմ ինչ֊որ ձկան պատճառով,— հարցնում էր նա ինքն իրեն։— Մանավանդ հիմա, երբ ամեն ինչ այսպես լավ է ընթանում։ Տե՜ր աստված, օգնիր ինձ՝ դիմանամ։ Հարյուր անգամ «Հայր մեր» կասեմ, հարյուր անգամ էլ՝ «Սուրբ կույս»։ Միայն թե ոչ հիմա, հիմա չեմ կարող…»։
«Հաշիվ արա, որ ասել եմ,— մտածեց նա։— Հետո կասեմ»։
Այդ վայրկյանին նա հարվածներ զգաց պարանի վրա, որ պահել էր գույգ ձեռքով, զգաց և ձգում։ Ձգումը թափով էր ու խիստ ուժեղ։
«Իր թրով խփում է այն մետաղալարին, որով կապված է կարթը,— մտածեց ծերունին։— Շատ բնական է։ Այսպես էլ պետք է վարվեր։ Սակայն դա կարող է ստիպել նրան դուրս ցատկել, իսկ ես կգերադասեի, որ նա շարունակեր շրջանակներ գծել։ Ոստյուններն անհրաժեշտ էին օդ հավաքելու համար։ Սակայն հիմա ամեն մի նոր ոստյուն կլայնացնի այն վերքը, որից կառչած է կարթը, և ձուկը կարող է պոկ գալ»։
«Մի՛ ցատկիր, ա՛յ ձուկ,— աղաչում էր նա։— Մի՛ ցատկիր, խնդրեմ»։
Ձուկը կրկին ու կրկին խփում էր մետաղալարին, և ամեն անգամ ծերունին գլուխն օրորելով քիչ֊քիչ բաց էր թողնում պարանը։
«Ավելորդ ցավ չպետք է պատճառեմ նրան,— մտածում էր նա։— Իմ ցավը իմ մեջն է. դրա հախից ես կարող եմ գալ։ Բայց ձուկը կարող է ցավից կատաղել»։
Որոշ ժամանակ անց ձուկը դադարեց հարվածել մետաղալարին և նորից սկսեց դանդաղորեն շրջանակներ գծել։ Ծերունին միահավասար դուրս էր քաշում պարանը։ Սակայն նա դարձյալ վատ զգաց իրեն։ Նա ձախ ձեռքով ջուր վերցրեց ծովից ու լցրեց գլխին։ Հետո մի քիչ էլ ջուր լցրեց իր գլխին ու տրորեց ծոծրակը։
— Բայց լավ է, որ այլևս կարկամում չունեմ,— ասաց նա։— Ձուկը շուտով վեր կբարձրանա, իսկ ես դեռ կդիմանամ։ Դու պարտավոր ես դիմանալ, ծերո՛ւկ։ Չհամարձակվես նույնիսկ մտածել, որ կարող ես չդիմանալ։
Նա ծունկ չոքեց և ժամանակավորապես պարանը նորից գցեց մեջքին։ «Քանի նա պտույտ է գալիս, ես կհանգստանամ, հետո վեր կկենամ, և երբ մոտենա, նորից պարանը կքաշեմ»։
Նա շատ էր ուզում ավելի երկար հանգստանալ նավացռուկի վրա ու թույլ տալ ձկանը մի ավելորդ շրջան ևս գծել առանց պարանը քաշելու։ Սակայն երբ ձգումը ցույց տվեց, որ ձուկը կիսաշրջան գծելուց հետո շրջվեց ու վերադառնում է դեպի նավակը, ծերուկը վեր կացավ ու սկսեց պարանը քաշել՝ ձեռքերը հերթով թափահարելով ու իրանն այս ու այն կողմ շրջելով որքան կարելի է շատ պարան քաշելու համար։
«Կյանքումս երբեք այնպես չեմ հոգնել, ինչպես հիմա,— մտածեց ծերունին,— այնինչ քամին ուժեղանում է։ Ճիշտ է, քամին տեղին կլինի, երբ սրան տուն տանեմ։ Ինձ շատ պետք կգա այս քամին»։
— Կհանգստանամ, երբ մեկնի նոր շրջանակ գծելու,— ասաց նա։— Մանավանդ որ հիմա ավելի լավ եմ զգում ինձ։ Եվս մի երկու֊երեք շրջանակ, և ձուկն իմը կլինի։
Նրա ծղոտե գլխարկը ընկել էր ուղիղ ծոծրակի վրա, և երբ ձուկը շրջվեց ու դարձյալ սկսեց ձգել, ծերունին ուժասպառ փռվեց քթի վրա։
«Հիմա ինքդ աշխատիր, ա՛յ ձուկ,— մտածեց նա։— Ես նորից կոկորդդ կբռնեմ, հենց որ ետ դառնաս»։
Խոշոր ալիքներ սկսեցին անցնել ծովի վրայով։ Սակայն ջրերը քշում էր բարյացակամ քամին՝ պարզ եղանակի ուղեկիցը, որ պետք էր նրան տուն հասնելու համար։
— Կվարեմ դեպի հարավ ու արևմուտք,— ասաց նա,— ու պրծավ գնաց։ Մի՞թե կարելի է մոլորվել ծովում, մանավանդ որ մեր կղզին երկար է։
Նա ձուկը տեսավ երրորդ շրջանակը գծելու ժամանակ։
Սկզբում նա տեսավ մի մութ ստվեր, որ երկար ժամանակ անցնում էր իր նավակի տակով, այնպես որ պարզապես չհավատաց իր աչքին։
— Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։
Բայց ձուկն իրոք այդքան խոշոր էր և երրորդ շրջանակը գծելուց հետո դուրս եկավ մակերես՝ նավակից ընդամենը երեսուն յարդ հեռու, և ծերունին տեսավ, թե ինչպես ծովից վեր բարձրացավ նրա պոչը։ Դա ամենախոշոր մանգաղից էլ մեծ էր և մուգ կապույտ ջրի վրա բաց մանուշակագույն էր թվում։ Ձուկը դարձյալ սուզվեց, բայց արդեն ոչ խոր, և ծերունին կարող էր զննել մանուշակագույն շերտերով երիզված նրա հսկայական մարմինը։ Նրա կռնակի լողաթևը իջած էր, իսկ կրծքի վիթխարի լողաթևերը ձգված էին այս ու այն կողմ։
Երբ ձուկն իր շրջանն էր կատարում, ծերունին զննեց նրա աչքը ու կողքին լողացող երկու կպչող ձկները։ Երբեմն֊երբեմն կպչող ձկները փակչում էին խոշորին, ապա գլխիվայր փախչում։ Երբեմն էլ ուրախ լողում էին մեծ ձկան գցած ստվերի մեջ։ Այդ կպչողներից յուրաքանչյուրը երեք ոտնաչափից ավելի երկար էր և երբ արագ էր լողում, օձաձկան նման գալարվում էր ամբողջ մարմինը։
Ծերունու դեմքից քրտինք էր թափվում, բայց հիմա արդեն միայն արևից չէր։ Ամեն մի նոր շրջանից հետո, որ այնքան հանդարտ և կարծես թե անխռով կատարում էր ձուկը, ծերունին ավելի շատ պարան էր քաշում և այժմ վստահ էր, որ երկու շրջանից հետո կհաջողվի հարպունը խրել ձկան մեջ։
«Բայց պետք է մոտ քաշեմ նրան, շատ մոտ,— մտածեց ծերունին։— Եվ պետք է նշան բռնեմ ոչ թե գլխին, այլ խփեմ սրտին»։
— Հանգիստ և պինդ կաց, ծերո՛ւկ,— ասաց ինքն իրեն։
Հաջորդ շրջանակը գծելիս ձկան մեջքը ջրից դուրս եկավ, բայց նավակից դեռ շատ հեռու էր լողում նա։ Ձուկը մի շրջան ևս կատարեց, սակայն առաջվա պես շատ էր նավակից հեռու, թեև շատ ավելի էր ջրից դուրս եկել։ Ծերուկը գիտեր, որ եթե մի քիչ էլ պարանը հաներ, կարող էր ձուկը մոտեցնել նավակողին։
Վաղուց էր նա պատրաստրել հարպունը. բարակ թոկի կապոցը դրված էր կլոր զամբյուղի մեջ, իսկ դրա ծայրը կապել էր ցռուկի միջնափայտին։
Ձուկը մոտենում էր՝ գծելով իր շրջանակը, խիստ հանդարտ ու գեղեցիկ, հսկայական պոչը հազիվ շարժելով։ Ծերունին իր ամբողջ ուժով քաշում էր պարանը՝ ջանալով ինչքան կարելի է ձուկը մոտեցնել նավակին։ Մի վայրկյան ձուկը թեթևակի շրջվեց կողքի վրա, ապա ուղղվեց և սկսեց նոր շրջան կատարել։
— Տեղից շարժեցի նրան,— ասաց ծերունին։— Այնուամենայնիվ ստիպեցի շուռ գալ։
Ծերունին նորից գլխապտույտ ունեցավ, բայց ամբողջ ուժով քաշեց խոշոր ձուկը։ «Չէ՞ որ այնուամենայնիվ կարողացա շրջել կողքի վրա,— մտածեց նա։— Գուցե այս անգամ կարողանամ մեջքի վրա շրջել։ Քաշեցե՛ք,— հրամայեց նա իր ձեռքերին։— Պի՛նդ պահեցեք ինձ, ոտքե՛ր։ Էլի ծառայի՛ր ինձ, գլո՛ւխ, ծառայի՛ր ինձ։ Չէ՞ որ դու երբեք չես խաբել ինձ։ Այս անգամ մեջքի վրա կշրջեմ դրան»։
Նախքան ձուկը կմոտենար նավակին, ծերունին լարեց իր ամբողջ ուժը և սկսեց ամենայն զորությամբ քաշել պարանը։ Բայց ձուկը միայն մի փոքր շրջվեց կողքի վրա, ապա նորից ուղղվեց և հեռու լողաց։
— Լսի՛ր, ա՛յ ձուկ, մեկ է՝ պիտի մեռնես,— ասաց նրան ծերունին։— Ինչի՞դ է պետք, որ ես էլ մեռնեմ։
«Այսպես ոչ մի օգուտ չեմ ունենա»,— մտածեց նա։ Բերանն այնպես էր չորացել, որ այլևս խոսել չէր կարողանում և ուժ էլ չուներ, որ հասներ ջրի շշին։ «Այս անգամ դրան պիտի քաշեմ֊մոտեցնեմ նավակին,— մտածեց նա։— Իմ ուժերն էլ երկար չեն քաշի»։
— Չէ՛, կքաշեն,— առարկեց ինքն իրեն։— Դո՛ւ, ծերո՛ւկ, մահ չունես…
Հետևյալ շրջանակը գծելիս ծերունին քիչ մնաց մոտեցներ նրան, բայց ձուկը դարձյալ ուղղվեց և դանդաղ հեռացավ։
«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։
«Գլուխդ նորից է մթագնում, ծերո՛ւկ, այնինչ գլուխդ պայծառ պետք է լինի։ Մտքերդ կարգի՛ բեր և աշխատի՛ր տոկալ տառապանքներին մարդու պես… կամ ձկան պես»,— մտքում ավելացրեց նա։
— Հապա՛, գլո՛ւխ, աշխատի՛ր,— ասաց նա այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսեց։— Աշխատի՛ր, ասում եմ քեզ։
Մյուս երկու շրջանակի ընթացքում էլ ամեն ինչ մնաց անփոփոխ։
«Ի՞նչ անեմ,— մտածում էր ծերունին։ Ամեն անգամ, երբ ձուկը հեռանում էր, նրան թվում էր, թե կորցնում է գիտակցությունը։— Ի՞նչ անեմ։ Մի անգամ էլ փորձեմ»։
Նա մի փորձ էլ կատարեց և զգաց, որ կորցնում է գիտակցությունը, բայց այնուամենայնիվ ձուկը շրջեց մեջքի վրա։ Ձուկը ետ շրջվեց ու հեռացավ՝ հսկայական պոչը թափահարելով օդում։
«Մի անգամ էլ փորձեմ»,— խոստացավ ծերուկը, թեև ձեռքերը բոլորովին թուլացել էին, և աչքի առաջ մշուշ էր կանգնել։
Դարձյալ փորձեց նա, և դարձյալ ձուկը հեռացավ։ «Այդպես, հա՞,— մտածեց նա և անմիջապես զգաց, որ կյանքը հանգչում է իր մեջ,— մի անգամ էլ կփորձեմ»։
Նա հավաքեց իր ամբողջ ցավը, ուժերի ամբողջ մնացորդը և վաղուց կորած իր ամբողջ հպարտությունը ու մենամարտի հանեց այն տանջանքների դեմ, որ ձուկն էր կրում, և այդ ժամանակ սա շրջվեց կողքի վրա ու դանդաղ լողաց՝ թուրը համարյա թե դիպցնելով նավակին. քիչ էր մնացել, որ թողներ֊հեռանար այդ երկար, արծաթաթույր, մանուշակագույն շերտերով զուգված ձուկը, որ կարծես վախճան չէր ունենալու։
Ծերունին ցած նետեց պարանը, ոտքը դրեց վրան, որքան կարող էր վեր բարձրացրեց հարպունը և ամբողջ ուժով, որ ուներ նա և որ կարողացավ այդ րոպեին հավաքել, խրեց ձկան կողի մեջ՝ ուղիղ նրա կրծքի հսկայական լողաթևի ետևը, որը բարձրացել էր վեր՝ հասնելով մարդու կրծքի մակարդակին։ Նա զգաց, թե ինչպես է երկաթը մտնում փափուկ մսի մեջ, և հենվելով հարպունին՝ հետզհետե ավելի խորն էր մտցնում՝ իր մարմնի ամբողջ ծանրությամբ օգնելով ինքն իրեն։
Եվ այդ ժամանակ ձուկն ասես կենդանացավ, թեև արդեն մահ էր կրում իր մեջ, նա ջրից վեր նետվեց՝ կարծես պարծենալով իր հսկայական երկարությամբ ու լայնությամբ, իր ամբողջ գեղեցկությամբ ու հզորությամբ։ Թվում էր, թե նա կախված է օդում՝ ծերունու ու նավակի վրա։ Հետո նա շրմփաց ծով՝ ջրի հորձանքներով ծածկելով և՛ ծերունուն, և՛ նրա ամբողջ նավակը։
Թուլությունն ու գլխապտույտը հաղթում էին ծերունուն. նա գրեթե ոչինչ չէր տեսնում։ Սակայն, բաց թողնելով հարպունի պարանը՝ սկսեց հավաքել դա կտրատված ձեռքերում, և երբ տեսողությունը վերադարձավ, տեսավ, որ ձուկը պառկած է մեջքին՝ արծաթագույն փորը վեր դարձրած։ Հարպունի կոթը շեղակի ցցված էր նրա մեջքից, իսկ շուրջը ծովը ներկված էր նրա սրտի արյունով։ Բիծը սկզբում մուգ էր, ասես երկնագույն ջուրը մի մղոն խորությամբ լցված էր ձկների վտառով։ Հետո բիծը տարածվեց ու նմանվեց ամպի։ Արծաթագույն ձուկը հանդարտ ճոճվում էր ալիքներից։
Ծերունին աչքը չէր կտրում նրանից, մինչև որ տեսողությունը նորից մշուշվեց։ Այն ժամանակ նա երկու անգամ հարպունի թոկը փաթաթեց միջնափայտի վրա ու գլուխը խոնարհեց ձեռքերին։
— Ի՞նչ է եղել իմ գլխին,— ասաց նա՝ դեմքը սեղմելով ցռուկի պատին։— Ծեր մարդ եմ ես ու սաստիկ հոգնել եմ։ Բայց և այնպես սպանեցի այս ձուկը, որն ինձ համար եղբորից էլ թանկ է, իսկ հիմա մնացել է միայն սև աշխատանքը։
«Հիմա պետք է պարանը պատրաստեմ, օղակ֊օղակ անեմ, որպեսզի ձուկը կապեմ նավակին։ Եթե նույնիսկ երկու հոգի լինեինք ու նավակը ջրով լցնեինք՝ ձուկն այնտեղ քաշելու համար, հետո էլ սկսեինք ջուրը թափել, մեկ է՝ նավակն այսպիսի ծանրության չէր դիմանա։ Պետք է պատրաստեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հետո ձուկը քաշեմ֊մոտեցնեմ նավակողին, ամուր կապեմ մակույկին, առագաստը դնեմ ու ճանապարհ ընկնեմ տուն»։
Եվ սկսեց ձուկը քաշել դեպի նավակը, որպեսզի պարանը խռիկի ու երախի միջով անցկացնելուց հետո գլուխը կապի նավացռուկին։ «Ուզում եմ մի նայեմ դրան,— մտածեց նա,— տնտղեմ, զգամ ինչ ձուկ է։ Չէ՞ որ դա իմ հարստությունն է։ Բայց դրա համար չէ, որ ուզում եմ տնտղել։ Ինձ թվում է, թե ես տնտղեցի նրա սիրտը այն ժամանակ,— մտածում էր նա,— երբ հարպունը մինչև ծայրը խրեցի նրա մեջ։ Դե լավ, մոտ քաշիր, կապիր, օղակ գցիր պոչին, մեկն էլ մարմնի շուրջը անցկացրու, որպեսզի լավ կպչի նավակին»։
— Հապա՛, ծերո՛ւկ, գործի՛ անցիր,— ասաց ինքն իրեն ու մի փոքր ումպ ջուր խմեց։— Հիմա, երբ մարտը վերջացած է, մնացել է ահագին սև աշխատանք։
Ծերունին նայեց երկնքին, հետո ձկանը։ Մեծ ուշադրությամբ նայեց արևին։ «Կեսօրը հազիվ է անցել։ Իսկ քամին սաստկանում է։ Հիմա անօգուտ է պարանները նորոգել։ Տանը տղայի հետ կմիացնենք»։
— Հապա՛, արի՛ այստեղ, ա՛յ ձուկ։— Բայց ձուկը չհնազանդվեց, նա անխռով օրորվում էր ալիքներից, և ծերունին ստիպված անձամբ նավակը մոտեցրեց նրան։
Երբ ծերունին սեղմ մոտեցավ նրան, և ձկան գլուխը հավասարվեց ցռուկին, նա դարձյալ զարմացավ դրա մեծության վրա։ Ապա արձակեց հարպունի պարանը միջնափայտի վրայից, անցկացրեց ձկան խռիկից, դուրս բերեց բերանից, փաթաթեց թրի շուրջը, հետո նորից անցկացրեց խռիկի միջով, նորից փաթաթեց թրի վրա և կրկնակ հանգույց անելով՝ կապեց միջնափայտին։ Նա կտրեց պարանը, գնաց նավախելը՝ պոչը օղակով ամրացնելու համար։ Ձկան գույնը, որ մանուշակա֊արծաթաթույր էր, վերածվեց մաքուր արծաթագույնի, իսկ շերտերը դարձան այնպես բաց մանուշակագույն, ինչպես պոչն էր։ Այդ շերտերը տղամարդու չռած ձեռքից ավելի լայն էին, իսկ աչքը այնքան խորթ ու անտարբեր, ինչպես շրջադիտակի հայելին կամ սուրբի հայացքը թափորի ժամանակ։
— Այլ կերպ չէի կարող սպանել դրան,— ասաց ծերունին, ջուր խմեց և շատ ավելի լավ զգաց իրեն։ Այժմ նա գիտեր, որ գիտակցությունը չի կորցնի, ու գլուխն էլ պայծառացավ։ «Ամենաքիչը կես տոննա կլինի,— մտածեց նա,— գուցե և շատ ավելի։ Ուրեմն ինչքա՞ն փող կստանամ, եթե այդ քաշի երկու երրորդը միս լինի, ֆունտն էլ՝ 30 ցենտ»։
— Առանց մատիտի չեմ կարող հաշվել,— ասաց ծերունին։— Դրա համար պայծառ գլուխ է պետք։ Բայց ես կարծում եմ, որ մեծն Դի Մաջիոն այսօր կարող էր հպարտանալ ինձնով։ Ճիշտ է, ես ոսկրային կոշտուկ չունեի, սակայն ձեռքերս ու մեջքս սաստիկ ցավում էին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ բան է ոսկրային կոշտուկը։ Գուցե մենք էլ ունենք, միայն թե չգիտենք։
Ծերունին ձուկը կապեց ցռուկին, խելին ու նստարանին։ Այնքան վիթխարի էր նա, որ նրան թվում էր, թե իր մակույկը կապել է մի մեծ նավի կողին։ Մի կտոր պարան կտրելով՝ ձկան ստորին ծնոտը կապեց նրա թրին, որպեսզի բերանը չբացվի, և լողալը հեշտ լինի։ Այնուհետև հաստատեց կայմը, մահակը հարմարեցրեց որպես շեղաձող ու քաշեց առագաստները վարող պարանը։ Կարկատած առագաստն ուռեց, նավակն առաջ խաղաց, և ծերունին խելի վրա կիսապառկած նավարկեց դեպի հարավ֊արևմուտք։
Ծերունին կողմնացույցի կարիք չուներ հարավ֊արևմուտքը որոշելու համար։ Բավական էր, որ նա զգա, թե ինչպես է փչում քամին, և ինչպես է ուռչում առագաստը։ «Ասենք, արժեր կարթ գցել. չե՞մ կարող արդյոք խայծով որևէ փոքր ձուկ բռնել, թե չէ ուտելու ոչինչ չունեմ»։ Բայց նա խայծ չգտավ, իսկ սարդինները հոտել էին։ Այն ժամանակ կեռաձողը գցեց դեղին ջրիմուռներին, որոնց կողքից անցնում էր, և թափ տվեց. դրանցից մանր կրեվետ խեցգետիններ թափվեցին նավակ։ Երկվեցյակից ավելի կլինեին դրանք և ոստոստում էին գետնալվերի նման ոտքերը փոխելով։ Ծերունին երկու մատով պոկեց դրանց գլուխը ու կերավ ամբողջովին՝ ծամելով պոչն ու կճեպը։ Խեցգետինները շատ մանր էին, բայց ծերունին գիտեր, որ խիստ սննդարար են, և համն էլ պատվական է։
Շշի մեջ դեռևս մի քիչ ջուր էր մնացել, և խեցգետիններն ուտելուց հետո ծերուկը խմեց դրա քառորդը։ Նավակը լավ էր ընթանում՝ չնայած այն դիմադրությանը, որը ստիպված էր հաղթահարել, և ծերունին վարում էր՝ արմունկով ղեկալծակը պահած։ Ձուկը շարունակ աչքի առաջ էր, և բավական էր, որ նայի իր ձեռքերին կամ մեջքը դիպցնի նավակին, որպեսզի զգա, թե այդ ամենը երազ չէ և իսկապես պատահել է իրեն։ Մի պահ, հենց վերջում, երբ նա վատ զգաց իրեն, հանկարծ նրան թվաց, թե այդ ամենը լոկ երազ է։ Ասենք, հետո էլ, երբ նա տեսավ, թե ինչպես ձուկը ջրից դուրս եկավ ու նորից այնտեղ ընկնելուց առաջ անշարժ կախվեց օդում, նա ինչ֊որ գերբնական բան զգաց դրա մեջ ու չհավատաց իր աչքերին։ Ճիշտ է, այն ժամանակ նա շատ վատ էր տեսնում, իսկ հիմա աչքերը կարգին էին։
Հիմա նա գիտեր, որ ձուկն իսկապես կար, և ձեռքերի ու թիկունքի ցավն էլ երազ չէր։ «Ձեռքերը շուտ են լավանում,— մտածեց նա։— Ես բավականին արյուն բաց թողի, որպեսզի վերքերը չաղտոտվեն, իսկ աղի ջուրը կբուժի դրանք։ Ծովածոցի մուգ ջուրը աշխարհի լավագույն դարմանն է։ Միայն թե մտքերս չխառնվեն։ Ձեռքերս իրենց գործն արեցին, և նավակը լավ է գնում։ Ձկան բերանը փակ է, պոչն էլ ուղիղ է պահել, լողում ենք կողք կողքի, եղբայրների պես»։ Նրա գլուխը նորից մի քիչ մթագնեց, և նա մտածեց. «Իսկ ո՛վ է ում տուն տանում, ես նրա՞ն, թե՞ նա ինձ։ Եթե ես նրան բուքսիր արած տանեի, ամեն ինչ պարզ կլիներ։ Կամ եթե նա իր ամբողջ արժանապատվությունը կորցրած պառկեր նավակում, էլի պարզ կլիներ։ Բայց չէ՞ որ մենք լողում ենք կողք կողքի՝ իրար ամուր կապված։ Դե խնդրեմ, թող տանի ինձ, եթե այդքան հաճելի է իրեն։ Չէ՞ որ ես միայն խորամանկությամբ հաղթեցի դրան, նա ո՛չ մի դավ չէր նյութում իմ դեմ»։
Նրանք շարունակ լողում էին, և ծերունին ձեռքերը ողողում էր աղի ջրով և ջանում, որ մտքերը չպղտորվեն։ Թանձրացած ամպերը ընթանում էին վեր, իսկ փետրաձև ամպերը՝ դրանց վերևից. ծերուկը գիտեր, որ քամին ողջ գիշեր կփչի։ Ստեպ֊ստեպ նայում էր նա ձկանը՝ ստուգելու՝ չլինի՞ թե իսկապես երազո՞ւմ է տեսել։ Անցավ մի ամբողջ ժամ, նախքան վրա տվեց առաջին շնաձուկը։
Շնաձուկը պատահաբար վրա չտվեց։ Նա դուրս լողաց օվկիանոսի ամենախոր մասից, երբ թանձրացավ ձկան արյան մուգ ամպը, ապա սփռվեց ջրի մեջ մի մղոն խորությամբ։ Շնաձուկը դուրս լողաց արագ, առանց որևէ երկյուղի, ճեղքեց ծովի կապուտակ հարթությունը ու դուրս եկավ արևի տակ։ Հետո նորից սուզվեց ջրի մեջ, նորից արյան հոտ առավ ու սկսեց լողալ այն հետքով, որ իրենց ետևից թողնում էին նավակն ու ձուկը։
Երբեմն նա հետքը կորցնում էր, բայց կամ նորից էր ընկնում դրա վրա, կամ առնում էր դրա հազիվ զգալի հոտը և անդադրում հետապնդում էր դրան։ Շատ խոշոր շնաձուկ էր դա՝ մակո ցեղից, ստեղծված նույնքան արագ լողալու համար, որքան ամենաարագընթաց ձուկն է լողում ծովում, և նրա ամեն ինչը գեղեցիկ էր, բացի երախից։ Նրա մեջքը նույնպես բաց կապույտ էր, ինչպես թրաձկանը, փորը՝ արծաթաթույր, իսկ մաշկը՝ կոկ ու գեղեցիկ, և նա ամբողջությամբ նման էր թրաձկան, եթե չհաշվեին հսկայական ծնոտները, որոնք այժմ իրար էին սեղմված։ Նա արագ լողում էր ծովի մակերեսին խիստ մոտ՝ մեջքի իր բարձր լողաթևով հեշտությամբ ճեղքելով ջուրը։ Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։ Երկարությամբ դրանք չէին զիջում ծերունու մատներին, իսկ կողքերից ածելիի շեղբի պես սուր էին։ Շնաձուկը ստեղծված էր, որպեսզի սնվեր ծովային բոլոր, անգամ այնպիսի արագաշարժ, ուժեղ ու լավ զինված ձկներով, որոնց համար ոչ մի այլ թշնամի սարսափելի չէր։ Հիմա նա շտապում էր՝ զգալով, որ ավարը մոտ է արդեն, և նրա մեջքի կապույտ լողաթևը շարունակում էր ճեղքել ջուրը։
Առաջադրանքներ
Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։
Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
—
Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։
Ծերունին ամբողջ ընթացքում խղճում էր ձկանը, սակայ հասկանում էր, որ ուրիշ ձև չի կարող։ Նա չէր հանձնվում և իրեն ամեն կերպ ոգևորում էր, որպեսզի հույսը չկտրի