Рубрика: Գրականություն 9

«Լռություն» Երկրորդ մաս 

Արձակուրդներն ավարտվեցին, սկսեցին դասերը ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում էի հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է կապտուկներով տուն եկել: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն նրա անունը չի ասել, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու սա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը միանգամից հերքել լիներ: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա ախր սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ՞ որ ոչ մի ապացույց չկար, միայն՝ ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: «Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա»: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ «կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Էդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի էնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում էր, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չէի առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում էի էդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ «տեղն է քեզ» ու մի տեսակ հոգիս փառավորվում էր: Հետո այդ զգացումը սկսում էր հօդս ցնդել, նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել էդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Արդեն չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ էդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք ասեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում էդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…թե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշե՞մ, թե՞ չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օրն ու մտածում էի` «Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…»: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա էդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարդերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ էն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Տեսքս երևի սարսափելի էր, անդադար ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` «Հ՞ը, ո՞նց է»: Ես հո գիտեի, որ էս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Էս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա ինձ համար այլևս գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր ընկել, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն էն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Էդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք, իհարկե, դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես` երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց էնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ էդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Էդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Դրա համար խորամանկություն պետք չէ, միանգամից եմ ճանաչում նրանց: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Էդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

Հունվար 1991 թ.

«Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

1.Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում ,,Լռություն,,։

Պատմվածքը կոչվում էր «Լռություն», որովհետև այդ լռության շնորհիվ գլխավոր հերոսը՝ Օձավան հեշտացնում էր իր կյանքը։

2. Ո՞րն է պատմվածքի գաղափարը։

Պատմվածքի գաղափարը այն էր, որ պետք էր այդ պահին, ճիշտ դատեին, խնդիրները ճիշտ լուծեին և այլն։

Рубрика: Հայոց լեզու 9

Կոպտություն․ ինչո՞ւ են մարդիկ կոպիտ դառնում

Մարդկանց կոպիտ դառնալու պատճառները բազմազան են: Հիմնականում դա պայմանավորված է սթրեսով, ժամանակակից կյանքի ճնշումներով և այսօրվա միջավայրով, որտեղ կոպիտ վարքը կարող է տարածվել: Շատ մարդիկ արտահայտում են իրենց անհանգստությունը կամ դժգոհությունը կոպիտ խոսքերով, երբ չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները: Ընթարապես դա նորմալ է, որովհետև այնպիսի ժամանակ է եկել, որ ամեն սխալ արաքի կամ սխալ արածի համար սկսում են կոպտել քեզ և վիրավորել։ Այսօրվա սերունդը ամենաշատը օգտագործում են վիրավորական խոսքեր, որովհետև երեխաները հետևում են ծնողներին և մտածում են, որ դա լավ բան է, և դրա համար օգտագործում են։ Հասկանալով այս պատճառները՝ կարող ենք ավելի լավ աջակցել միմյանց և նվազեցնել կոպտությունը:

Рубрика: Հայոց լեզու 9

Ապագան սկսվում է այսօր

Ապագան ոչ թե հեռու է, այլ սկսվում է հենց այսօր: Յուրաքանչյուր մեր ընտրություն, սովորություն և գործողություն ձևավորում է այն, ինչ կատարվում է վաղը: Երբ մենք պատասխանատու ենք մեր արարքներին, կարող ենք կառուցել ավելի լավ կյանք և համայնք: Հիշենք, որ փոքր քայլերը կարող են բերել մեծ փոփոխություններ: Ապագան մեր ձեռքում է, ու մենք կարող ենք սկսել այն հենց հիմա: